ՀՕՄ-Ի ԱԽՈՒՐՅԱՆԻ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈն

Ախուրյանի Մոր և Մանկան Առողջության Կենտրոնի ստեղծումը Հայ Օգնության Միության կողմից Հայաստանում իրականացված գեղեցիկ նախաձեռնություններից մեկն է: Կենտրոնը բացվել է 1997 թվականին: Այն բարեգործական, շահույթ չհետապնդող առողջապահական հիմնարկություն է և անվճար բուժական ծառայություններ է մատուցում Ախուրյանի ու շրջակա 7 գյուղերի բնակչությանը: ՀՕՄ-ի մշտական հոգածության շնորհիվ Կենտրոնը կահավորված է բուժական նորագույն սարքավորումներով, ունի մանկաբուժական, սոնոգրաֆիկ, մամոգրաֆիկ, տոմոգրաֆիկ և առաջին օգնության կաբինետներ, ժամանակակից լաբորատորիա և դեղատուն:
ՀՕՄ-ի այս դուստրը` Ախուրյանի Մոր և Մանկան Առողջության Կենտրոնը, մշտապես արդիականացնում է իր գործունեությունը` ձեռնամուխ լինելով աղետի գոտում և մասնավորապես Ախուրյանի շրջանում հայ մայրերի ու մանուկների առողջության ու խնամքի բարելավմանն ուղղված նորանոր ծրագրերի:
Յուրաքանչյուր տարի միջին հաշվով Կենտրոնի մանկաբույժների կողմից հսկվում է մոտավորապես 5000 երեխա, ընտանեկան բժշկի կողմից՝ 1100 չափահաս բնակիչ, գինեկոլոգների կողմից՝ 1200 հղի և 6000 կին:

2005թ.-ի ապրիլի 24-ից Կետրոնը համալրվել է մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնար բաժանմունքով: Ստացիոնար բաժանմունքը իր բացման օրվանից, միջին հաշվով, յուրաքանչյուր տարի ունեցել է 1230 ծնունդ:
Կենտրոնը ապահովում է՝
. արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտություններ
. ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա
. կրծքագեղձի սոնոգրաֆիա, մամոգրաֆիա
. գինեկոլոգիական սոնոգրաֆիա
. կոլպոսկոպիա
. ստոմատոլոգիական ծառայություն
. ընդհանուր լաբորատոր հետազոտություններ
. մորֆոլոգիական ծառայություն
. պատվաստում

Աղջիկ երեխաների ծնելիության խթանում
2018 թվականի հունվարի 1-ից ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչության կողմից գործադրվում է ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության «Աղջիկ երեխաների ծնելիության խթանում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է կանխել սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումը: Ծրագրի շրջանակում այն կանայք, որոնք ՀՕՄ-ի Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնում ունեցել են իրենց երկրորդ, երրորդ /կամ ավելի/ աղջիկ երեխաներին, ՀՕՄ-ի կողմից ստանում են 150 ԱՄՆ դոլար դրամական պարգև:
