ՊԱՀՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչությունը, արժևորելով մշակութային ժառանգության պահպանման խնդրի արդիականությունը և առաքելությունը, ՁԵՌԱՐՎԵՍՏԻ ՀԱՆՁՆԱԽՄԻ գործունեության շնորհիվ երկրորրդ տարին է արդեն, ինչ կազմակերպում է ձեռարվեստի դասընթացներ:
Դասընթացների նպատակն է պահպանել, զարգացնել ու տարածել մեզ ժառանգություն հասած հնագույն հայկական ձեռագործները և ձեռարվեստը:
2017 թվականի հունիսի 15-ին դասընթացներին մասնակցած 54 կանայք ստացան Մարաշի, Այնթափի, Սվազի(Վան), Ուրֆայի, թաղիքագործության, մաքոքի, կպչարվեստի, ժապավենի, կարպետի, ուլունքագործության և մանրանկարչության համապատասխան վկայականներ: Ծրագրի ընթացքում ցուցադրվեցին մասնակիցների ձեռագործ աշխատանքները, տեղի ունեցավ հայկական ձեռագործ հագուստների ցուցադրում, հնչեցվեցին նաև հայկական երգեր` դարձնելով միջոցառումն էլ ավելի գեղեցիկ և հանդիսավոր:
ՈՒՋԱՆԻ ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱՍՐԱՀՆ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՀԱՆԴԵՐՁԱՐԱՆ

Մեր նվիրատուների շնորհիվ այս անգամ հնարավոր դարձավ վերանորոգել Արագածոտնի մարզի Ուջան գյուղի <<Զորավար Անդրանիկի>> անվան միջնակարգ դպրոցի մարզասրահի հանդերձարանն ու սանհանգույցը: Մարզասրահում մարզվում են ազատ ոճի ըմբշամարտի շուրջ 40 երեխաներ: Նվիրատվությունը կատարվել է Նոր Ջուղայի (Իրան) հայ մարզա-մշակութային Արարատ միության կողմից:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հայրենիքից հեռու են բայց ապրում են հայրենիքով և հայրենիքի համար, և իրենց աջակցությամբ իրականացվում են բազում հայրենանվեր նախագծեր:

ՀՕՄ-Ի «ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

1991թվականից Ախուրյանում գործում է ՀՕՄ-ի Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցը, որտեղ ուսանում են բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներ: Այն Ախուրյանի տարածաշրջանի միակ ավագ դպրոցն է: Դպրոցն ավարտած աշակերտները ուսանում են հանրապետության տարբեր ԲՈՒՀ-երում:
ԵՐԵՄՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
ՀՕՄ-ի Սամվել և Աղավնի Երեմյան կրթաթոշակի ծրագիրը իրագործվում է 1983թ.-ից: Ծրագրի նպատակն է պատրաստել երիտասարդ մասնագետներ, որոնք ուսումը ավարտելուց հետո իրենց մասնագիտական կարողություններով օգտակար կլինեն գաղութային կարիքներին: Երեմյան կրթաթոշակի մասին ուսանողները տեղեկանում են ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչության կայքէջի միջոցով:
Երեմյան կրթաթոշակի տրամադրվում է հաշվի առնելով ուսումնական առաջադիմության, ընտանեկան և սոցիալական չափորոշիչները:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ
«Պետական աջակցություն ՀՀ-ում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի նպատակն էր ապահովել Հայաստանի մանկատների 1991-2010 թվականների շրջանավարտների սոցիալական պաշտպանությունը և նրանց ինտեգրումը հասարակության մեջ: Ծրագրի խնդիրների թվում էին 18 տարին մանկատանը լրացած երեխաների ապահովումը բնակարաններով, նրանց մասնագիտական կողմնորոշումն ու ուսուցումը, վերապատրաստումը, հիմնական կարիքները բավարարող եկամտի ապահովումը, բժշկական օգնության անվճար տրամադրումը, իրավաբանական և սոցիալ-հոգեբանական աջակցությունը:
ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ «ՈՒՍԱՆՈՂ» ԾՐԱԳԻՐ
«Զոհված ազատամարտիկների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների խնամակալություն» ծրագրի շարունակականությունը ապահովելու նպատակով մշակվել է «Ուսանող« ծրագիրը, որը գործադրվում է 2009 թվականից:
Ծրագրի համար նախապատրաստված հարցաթերթիկների հիման վրա հավաքագրվել է 2340 ուսանողի տվյալ, որը փոխանցվել է ՀՕՄ-ի Կենտրոնական վարչություն:
2009-2016թթ. ընթացքում ծրագրի շրջանակում հովանավորվել և կրթական աջակցություն են ստացել 1191 ծնողազուրկ երեխա Հայաստանից և Արցախից:





