Սոցիալական եւ Տնտեսական Զարգացում


« ԱՄԱՆՈՐ» ԾՐԱԳԻՐ

«Ամանոր» ծրագիրը ՀՕՄ-ի կողմից իրականացվում է 2003թ.-ից: Ծրագրի շրջանակում ակնկալվում է, որ ՀՕՄ-ի յուրաքանչյուր անդամ, տարեկան երեք ԱՄՆ դոլարի չափով հատկացում կատարի այդ ծրագրին: Ծրագրից հատկացումներ են ստանում Լիբանանի «Թռչնոց բույն»-ը, հայկական ծերանոցը, թերաճ երեխաների «Զվարթնոց» վարժարանը, Սիրիայի Պատսպարանն ու ծերանոցը, Արցախի «Սոսե» մանկապարտեզները, Ջավախքի սոցիալապես անապահով երեխաները, Բուլղարիայի ՀՕՄ-ի մանկապարտեզները, Հարավային Ամերիկայի ՀՕՄ-ի երկու ծերանոցները և Հայաստանի սոցիալապես անապահով երեխաները:

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇՐՋԱՆԱԿԱՁԵՒ ՄԻԳՐԱՑԻԱՅԻՆ ԵՒ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ

2013թ. փետրվարի 1-ից, ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչությունը «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հետ համատեղ իրականացնում է «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոմիության կողմից: Ծրագրի շրջանակներում, ՀՀ 4 մարզերում հիմնադրվել է 4 միգրացիոն ռեսուրս կենտրոն` Արտաշատում (Արարատի մարզ), Արմավիրում (Արմավիրի մարզ), Վայքում (Վայոց Ձորի մարզ) և Գորիսում (Սյունիքի մարզ):

Մինչ օրս, ծրագրի շրջանակում գործող 4 միգրացիոն ռեսուրս կենտրոններում, խորհրդատվություն է տրամադրվել ավելի քան 2408 շահառուների: Նրանց տեղեկատվություն է տրամադրվել ՌԴ-ում գործող միգրացիոն կարգի և վերջերս դրանում տեղի ունեցած փոփոխությունների, Եվրամիության երկրներ մեկնելու օրինական եղանակների, միգրացիոն ռիսկերից ապահովագրվելու և այլ հարցերի վերաբերյալ:

Ծրագրի շրջանակում իրականացվել են բիզնես դասընթացներ, որոնց մասնակցել են Հայաստան վերադարձած 150 միգրանտներ և հնարավորություն են ստացել մասնակցելու բիզնես-դրամաշնորհի մրցույթին: Մրցույթին բիզնես դրամաշնորհի հայտ ներկայացրեց 75 շահառու: Ամենամրցունակ ծրագիրը ներկայացրած 10-15 շահառուների տրամադրվել են փոքր բիզնես հիմնելու համար նախատեսված դրամաշնորհներ, որոնք նպաստե են ոչ միայն շահառուների ընտանիքների վերահաստատմանը Հայաստանում, այլ նաև ներդրում կլինեն համայնքների զարգացման գործին:

Նկարահանվել է ծրագիրը ներկայացնող տեսահոլովակ, որը ցուցադրվել է արտերկրում: Տեսահոլովակի նպատակն էր արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին ներկայացնել այն հնարավորություններն ու ծառայությունները, որոնք նրանք կարող են գտնել Միգրացիոն ռեսուրս Կենտրոններում, եթե որոշեն վեադառնալ Հայաստան:

Տեսահոլովակը դիտելու համար սեղմեք հետևյալ հղման վրա
https://www.youtube.com/watch?v=E9bImKggY1M


ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ԿՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչության միջև կնքված պայմանագրի համաձայն, 2012 թվականի հուլիսից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, ՀՕՄ-ը իրականացրել է «Խորհրդային Միության անձնագիր կրող անձանց հայտնաբերում» ծրագիրը, որի նպատակն էր հիմնախնդրի պատճառների, դրսևորման ձևերի և հետևանքների վերլուծությունը, ամփոփ վիճակագրական տվյալների ստեղծումը և դրա հիման վրա հետագա կանխարգելման ռազմավարության մշակումը: Ծրագիրը իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրներով զբաղվող տեղական ՀԿ-ների հետ սերտ համագործակցությամբ:


ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

«Սոցիոլոգիական հետազոտություն փախստականների շրջանում» ծրագիրը իրականացվել է 2012 թվականի մարտ-օգոստոս ամիսներին: Ծրագիրը Հայ Օգնության Միության Հայաստանի Շրջանային Վարչության կողմից իրականացվել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ:

Հետազոտության նպատակն էր սոցիոլոգիական ուսումնասիրության միջոցով բացահայտել Հայաստանի Հանրապետությունում տարեց և առանց տարիքային սահմանափակման հաշմանդամ փախստականների սոցիալ-կենցաղային, առողջապահական, իրավական, սոցիալ-հոգեբանական կարիքները, վերլուծության ենթարկել հավաքագրված տեղեկությունները, ներկայացնել սեռատարիքային վիճակագրական տվյալներ, բացահայտել թիրախային խմբին մատուցվող ծառայություններում առկա բացթողումները: